Ռուսաստանը շուտով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների երկրորդ փուլ կկազմակերպի, քանի որ Մոսկվային անհրաժեշտ է շատ բանի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հետազոտությունների եւ հակամարտությունների վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը՝ վերլուծելով օգոստոսի 10-ին Սոչիում անցկացված եռակողմ հանդիպումը:
Փորձագետի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկ կարեւոր արդյունք տվեց. համաձայնություն այն մասին, որ հարկավոր է շարունակել բանակցությունները:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նաեւ վստահեցրին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հաշվի առնելով այս արդյունքները՝ դյուրին կլիներ ասել, որ Սոչիում կայացած հանդիպումը դրական քայլ է, եւ ինչ-որ առումով այդպես է: Ամեն դեպքում, առանց հետագա հանդիպման՝ դրան հետեւած հստակ առաջարկներով եւ գործնական քայլերով, Սոչիի հանդիպումը կարող է դառնալ Երեւանի եւ Բաքվի կորցրած եւս մեկ հնարավորություն»,- կարծում է Քրիստոֆեր Լենգթոնը: Միաժամանակ, ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը կթուլանա:





























