Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 78-ամյա Կառլեն Հովակիմյանն ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է գործել հիվանդության պատճառով. մեկ ամիս առաջ տարեց թոշակառուի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ:

NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գարեգին Հարությունյանը պատմեց, որ 78-ամյա ծերունին 3 որդի ուներ, հարսներ, թոռներ:

«Էնպես չի, որ մենակ էր: Շատ առույգ մարդ էր, միշտ գալիս էր գյուղամեջ, իր հասակակիցների հետ զրուցում: Ուղղակի մեկ ամիս առաջ մոտը ստամոքսի քաղցկեղ հայտնաբերեցին, օրեցօր վիճակը վատանում էր: Տղան Ռուսաստանից եկավ, որ վերջին օրերին հոր կողքին լինի, իսկ դեպքի նախորդ օրն էլ պահած ամբողջ գումարը տվել էր տղային: Երեւի թե հենց հիվանդության պատճառով էլ նման քայլի է դիմել»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ 78-ամյա Կառլեն Հովակիմյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին Գետազատ գյուղի տներից բակում կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 78-ամյա Կառլեն Հովակիմյանի դին: