Մի խումբ կազմակերպություններ, ավելի քան երեք տասնյակ անձինք բաց նամակով դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան ՝ Զոհրապ Մնացականյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Իրաքում ծայրահեղ իսլամիստական եւ ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի եւ տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի քան 850,000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200,000ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ եւ խմելու ջուր, մահվան եզրին են:

Տեղահանումներն ընթանում են սպանդով եւ մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առեւանգում եւ վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ եւ այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է եւ պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային եւ առողջապահական օգնություն, այլեւ մարդասիրական ռազմական միջամտություն:

Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով:

Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաեւ եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, եւ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-Ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաեւ հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձեւ:

Նամակը ստորագրել են «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունը, «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, 30-ից ավելի անձինք: