Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանին միայն մեղադրանք է առաջադրվել, առ նրա մասնակցությամբ որեւէ գործողություն չի կատարվել: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Արա Զաքարյանը:
«Վերաքննիչ դատարան եմ դիմել միջնորդությամբ, որ գրավի դիմաց ազատ արձակեն իմ պաշտպանյալին, ինչպես նաեւ վերացնեն տեսակցությունների սահմանափակումը, որովհետեւ Հայկի մոտ ոչ մեկին թույլ չեն տալիս մտնել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Հայկի առողջական վիճակը նորմալ է, որեւէ բողոք չունի: Ինչ վերաբերվում է հարուցված քրեական գործին, Արա Զաքարյանը նշեց, որ տեղեկություն չունեն գործի ընթացքից, քանի որ Հայկ Կյուրեղյանի մասնակցությամբ որեւէ գործողություն չի կատարվել:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:





























