Մոսկվայի քաղաքային դատարանում այս պահին ընթանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ  փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությունը, որի ժամանակ հայ բարերարի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Ինչպես տեղեկանում ենք Լեւոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից, հայ գործարարը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով:

«Լեւոն Հայրապետյանը վատացավ ու արդեն 40 րոպե է՝ բժիշկները չեն մոտենում գոնե ներարկում կատարելու համար»,- գրված է ֆեսյբուքյան էջում:

«ՌԻԱ Նովոստին» էլ հայտնում է, թե իր խոսքում Հայրապետյանը խոսել է ապօրինությունների մասին, հետո բռնել սիրտը եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, իսկ իրենք պատրաստ էին շարունակել դատը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում վերցնել մինչեւ օգոստոսի  15-ը:

Ըստ պաշտպանության տվյալների՝ Հայրապետյանի մոտ սրտի անկանոն աշխատանքի եւ անոթների հետ կապված խնդիրներ կան:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի ֆեսյբուքյան էջը համակարգում է նրա վստահված անձ Արթուր Սաֆարյանը, որը գործարարի եղբոր հետ այս պահին գտնվում է Մոսկվայում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: