«Վերնիսաժում» հուլիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում. չնայած դրական փոփոխություն կա եւ ամբաստանյալը քայլում է արդեն, փաստաբանը համոզված է, որ նրան ինտենսիվ բուժում է հարկավոր, այն էլ քաղաքացիական հիվանդանոցում:
«Վալերի Հովհաննիսյանը երկար չի կարողանում նստել, սակայն դանդաղ տեղաշարժվում է: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նրան ինտենսիվ բուժում է հարկավոր: Ինչպես գիտեք, դիմել եմ արդարադատության եւ առողջապահության նախարարություններին, որ ստեղծվի հանձնաժողով՝ որոշելու Վալերի Հովհաննսիսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա, թե ոչ: Սակայն ոչ մի նորություն ես չունեմ, արձագանք չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Հարցին՝ արդյոք առերեսում եղել է Վալերի Հովհաննիսյանի եւ մյուս մեղադրյալների միջեւ՝ փաստաբանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում եւ հիմա այս հարցին պատասխանել չի կարող: Գործին վերաբերող այլ հարցերի նույնպես Լեւոն Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսի 4-ին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։





























