Հայոց համազգային շարժման վարչության նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին, ՀՀՇ վարչության նախագահ Արարտ Զուրաբյանը առաջարկել է քննարկել իր վստահության հարցը։ Վարչության անդամները,  սակայն, նրա առաջարկը հրաժարվել են ընդունել նիստի օրակարգ՝ միաձայն հայտնելով իրենց վստահությունը Զուրաբյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանը։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Արարատ Զուրաբյանի քայլը, եթե վարչությունը միաձայն վստահում է նրան,  Կարեն Կարապետյանը չմեկնաբանեց։ «Ես պարոն Զուրաբյանի քայլը չեմ կարող մեկնաբանել, միայն նա կարող է ձեր հարցին պատասխանել»,-ասաց Կարապետյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Արարատ Զուրաբյանը մտադիր է դադարեցնել ՀՀՇ անդամակցությունը  Հայ ազգային կոնգրեսին, որին, սակայն, կտրականապես դեմ են ՀՀՇ անդամները։ Եւ քանի որ Զուրաբյանը չունի համախոհներ այդ հարցում, այդ պատճառով էլ վարչության նիստի ժամանակ բարձրացրել է իր վստահության հարցը։

«Այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարց երբեւէ չի առաջարկվել, երբեւէ չի քննարկվել, եւ Արարատ Զուրաբյանը երբեւէ նման մտադրություն չի ունեցել»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով. «Ոչ միայն Արարատ Զուրաբյանը, այլ նաեւ ոչ ոք ՀՀՇ-ում չի քննարկում Կոնգրեսի կազմից ՀՀՇ-ի դուրս գալու հարցը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը Հայ ազգային կոնգրեսի կազմում»: 

Ի դեպ, NEWS.am-ը փորձեց նշված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Արարատ Զուրաբյանից, սակայն նրա հեռախոսները անջատված էին։