Լիլիթ Սարգսյանի ամուսնու քրեական գործը վարած քննիչ Տիգրան Հովհաննիսյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, քանի որ «նրա արարքում բացակայում է սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ»: Իրեն սեքս առաջարկելու մասին Լիլիթ Սարգսյանը պատմել էր 2014թ. փետրվարի 17-ին եթեր հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում:

Նրա խոսքով, սեքսով զբաղվելու համաձայնության համար Տիգրան Հովհաննիսյանը խոստացել է Լիլիթ Սարգսյանի ամուսնու քրեական գործի քննության դրական ավարտ: Կինը համաձայնել է եւ երեխա ունեցել քննիչից:

NEWS.am-ի թղթակիցը եթերում հնչած մեղադրանքի եւ փաստի վերաբերյալ հարցում կատարեց ոստիկանությանը: Պարզվեց, որ քրեական գործ չի հարցվել:

«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում նյութեր չեն նախապատրաստվել, այդ կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել։ Տիգրան Հովհաննիսյանի ներկայիս աշխատավայրի վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրվել՝ նման տեղեկատվության բացակայության պատճառով»: Ոստիկանությունից տեղեկացրին նաեւ, որ գործով, պետք է զբաղվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը»:

Հատուկ քննչական ծառայությունից էլ եկավ պատասխան, թե իրենք նույնպես քրեական գործ չեն հարուցել. «Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական  բաժնի նախկին քննիչ Տիգրան Հովհաննիսյանի արարքում սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու`ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով»:

Պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ եթե քննիչը չի բռնաբարել, ուրեմն օրենք չի խախտել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Հովհաննիսյանն այժմ աշխատում է ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում:

Թեեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետք է քննիչի գործողությունները ուսումնասիրեր կոռուպցիոն երեւույթի տեսանկյունից, որն ակնառու էր հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնած տեղեկատվությունից ու հարցերից,  քննությունը կատարվել է լրիվ այլ ուղղությամբ: 

Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, թե արդյոք կաշառքի արդյունքում ծնված երեխային քննիչն ընդունո՞ւմ է եւ կատարո՞ւմ է հայրական պարտականությունները: