NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լեոնիդ Բերշիդսկու հոդվածը, որը հրապարակվել է «Bloomberg View» կայքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Արեւմուտքի երկրներից սննդամթերքի ներկրման էմբարգոն ընդամենը խորհրդանշական քայլ է. այն գործնականում չի աշխատելու, քանի որ խոչընդոտներ կստեղծի Պուտինի սիրելի նախագծի՝ Եվրասիական տնտեսական միության համար:
Մինչ 2012թ. երրորդ անգամ Ռուսաստանի նախագահ ընտրվելը՝ նա ասել էր, որ իր առաջնահերթություններից մեկը հետխորհրդային պետություններից եւ մյուսներից ուժեղ տնտեսական միության ստեղծումը կլինի: Այնուամենայինիվ, Պուտինի միության այլ անդամներ միեւնույն կերպ չեն հետաքրքված սննդամթերքի ներկրման արգելքի սահմանմամբ կամ դրան հետեւելուն: Բելառուսն ու Ղազախստանը պատճառ չունեն նման քայլեր ձեռնարկել. միայն Ռուսաստանն է բախվում Արեւմուտքի պատժամիջոցներին:
Քանի որ այդ երկրները Ռուսաստանի հետ մաքսային սահմաններ չունեն, բարդ է հետեւել, որպեսզի արգելված մթերքները, ինչպես, օրինակ, ֆրանսիական կամ իտալական պանիրները, գերմանական երշիկը, իսպանական նարինջը ռուսական շուկա մուտք չգործեն: Եթե ներկրողները մթերքն ուղարկեն Բելառուս, ապա դժվարի կլինի արգելել ռուսական ընկերություններին այնտեղից ապրանք չգնել: Բացի այդ, Ռուսաստանում արգելված է միայն այդ մթերքների ներկրումը, այլ ոչ թե դրանց վաճառքը խանութներում: Միության անդամները, հավանաբար, ջանքեր կգործադրեն, որպեսզի դադարեցնեն արգելված մթերքների տարանցումը: Լուկաշենկոն, հավանաբար, հենց այդ էլ խոստացել է: Սակայն հիմնականում պաշտոնյաների համար հարստանալու հնարավորություններ կստեղծվեն, նրանք կարող են աչք փակել մաքսանենգ մատակարարումների վրա եւ թույլ տալ ներկրված ապրանքը տեղականի փոխարեն ներկայացնել: Չէի՞ք կամենա բելառուսական ոստրեներ կամ ղազախական կլեմենտիններ:
Այդ կերպ, հարուստ ռուսաստանցիները, հավանաբար, չեն զրկվի համեղ ուտեստներ գնելու հնարավորությունից, որոնց սովոր են: Ինչ վերաբերում է կարիքավորներին. ամենից շատ հենց նրանք կտուժեն, քանի որ մանրածախ առեւտրի խանութները մատակարարման կրճատման հետեւանքով կբարձրացնեն գները: Կշահեն բելառուսական արտադրության կաթնամթերքն ու այլ սննդամթերքը:
Պուտինի էմբարգոյի ու Եվրասիական տնտեսական միության միջեւ հակասությունները վկայում են Պուտինի հետեւողական ռազմավարության բացակայության մասին: Այն ամենը, ինչ նա կարող է անել, ռուսաստանցիներին հայրենասիրության քարոզելը շարունակելն է, ինչը երկարաժամկետ հեռանկարում անիմաստ է քաղաքական ու տնտեսական իմաստով: Արեւմուտքը նույն իրավիճակում է. ինչպես եւ Պուտինը, Արեւմուտքը նույնպես պատկերացում չունի, թե ինչ արդյունքի կհանգեցնեն իր պատժամիջոցները:





























