Հաքերների թիրախում պարբերաբար հայտնվում են նախկին Արեւելյան բլոկի երկրների դեսպանատների դիվանագետներն ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph»՝ վկայակոչելով ինտերնետ-անվտանգության ոլորտում փորձագետների հայտարարությանը, որոնք հետեւում են հաքերների այդ ակտիվությանը չորս տարվա ընթացքում ու վերջերս մանրամասներ են հայտնաբերել:

Հայտնի չէ, թե ով է կանգնած այս հարձակումների հետեւում, սակայն դրանք ուղղված են ազգ-պետության համար հետաքրքրություն ներկայացնող թիրախների վրա, եւ թվում է, որ սկիզբ են առնում Մոսկվայում կամ մոտակայքում: Համակարգիչները վարակվում են ծրագրով, որն ուղի է բացում, հաքերների հետ կապ ապահովում, ինչը թույլ է տալիս ֆայլեր կրկնօրինակել կամ հեռացնել, միանալ սերվերներին, վնասակար ծրագրի այլ գործառույթներ կատարել:

Վարակումներ են հայտնաբերվել Բելգիայում, Ուկրաինայում, Չինաստանում, Հորդանանում, Հունաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Լեհաստանում եւ Գերմանիայում գործող դեսպանատներում: «Այս գործողությունը լավ ու տեխնիկապես վստահելի խմբի աշխատանք է, որը կարող է ցանցի պաշտպանության բազմաթիվ համակարգեր անցնել: Այն կողմնորոշված է թիրախների վրա, որոնք ազգ-պետության շահն են ներկայացնում, իսկ նպատակներից մեկը կարող է լինել գաղտնի տվյալների գողությունը»,- հայտարարել են «Symantec» ընկերությունում: