Ֆրանսիական Նանսի քաղաքի վարչական դատարանը չեղյալ է համարել ապօրինի հիմունքներով բնակվող հայկական ընտանիքի վարչական ձերբակալության մասին որոշումը, ինչն անցյալ երեքշաբթի ֆրանսիական մի քանի կազմակերպությունների եւ Սոցիալիստական կուսակցության զայրույթն էր առաջացրել: Այնուամենայնիվ, դատարանը մերժել է Ֆրանսիա վերադարձի մասին ընտանիքի խնդրանքը:
Ֆրանսիական «L'Alsace» թերթի փոխանցմամբ, դատարանը, մասնավորապես, ընդունել է, որ Մյորթ եւ Մոզել դեպարտամենտի ղեկավարն «իրավական սխալ» է թույլ տվել՝ հրամայելով վարչական ձերբակալություն իրականացնել, առանց ուսումնասիրելու զույգի՝ 7 տարեկան եւ 7 ամսական երեխաներ ունենալու փաստը: Ավելի քան 20 ժամ վարչական ձերբակալությունից հետո Բաբայան ընտանիքին Հայաստան էին արտաքսել:
Ընտանիքի փաստաբան Բրիջիթ Ժանոն ողջունել է դատարանի որոշումը: «Ես վարչակազմին խնդրելու եմ, որպեսզի ընտանիքը Ֆրանսիա վերադառնա»,- ասել է նա: «Միանգամայն բնական է, որ վարչակազմը չի սպասել դատարանի որոշմանը՝ նախքան ընտանիքի արտաքսման հրամանը, որին ձերբակալել էին Նանսիում՝ երեխաների աչքի առջեւ բռնություն կիրառելով»,- հավելել է նա:
Ցանցում հայտնված տեսագրությունը, որտեղ ցուցադրվում է ձերբակալությունը, ֆրանսիական մի քանի կազմակերպությունների եւ Սոցիալիստական կուսակցության զայրույթն է առաջացրել, որը հայտարարել է, թե տեսագրությունը «կասկածի տակ է դնում մեթոդները, որոնք կիրառում են անվտանգության ուժերը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հայ ընտանիքին դաժանորեն արտաքսել են Ֆրանսիայից: Ընտանիքի անդամներին ձերբակալել էին օգոստոսի 5-ին, իսկ օգոստոսի 6-ին՝ արտաքսել: Կատարվածը նկարահանել էր այն կենտրոնի բնակիչներից մեկը, որտեղ բնակվել են ապաստան փնտրող անձինք՝ Մյորթ եւ Մոզել դեպարտամենտի Նանսի քաղաքում: Չնայած ընտանիքի փաստաբանը բողոքարկման հայցին, նրանց Փարիզի օդանավակայան էին տեղափոխել՝ Հայաստան ուղարկելու համար:




























