Ուկրաինայի արեւելքում մալայզիական Բոինգի կործանման նախնական հաշվետվությունը հրապարակվի սեպտեմբերի սկզբին: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Անվտանգության նիդեռլանդական խորհրդի ներկայացուցիչ Վիմա վան դեր Վեգենին:

«MH17 չվերթն իրականացնող Boeing 777 մալայզիական օդանավի կործանման մասին նախնական հաշվետվությունը ծրագրվում է հրապարակել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում», - հայտարարել է վան դեր Վեգենը:

Վերջինիս տեղեկություններով՝ զեկույցի հրապարակման հստակ ամսաթիվը որոշված չէ: Փաստաթղթում կշարադրվեն տարբեր աղբյուրների տեղեկությունները («սեւ արկղեր», դիսպետչերային ծառայություն, ռադիոլոկացիոն կայաններ, արբանյակային նկարահանումներ, դեպքի վայրում եղած միջազգային մասնագետների եզրակացություններ):

«Մենք «սեի արկղերը» փոխանցել ենք բրիտանացիներին, քանի որ աշխարհում միայն մի քանի կենտրոններ կան, որոնք ընդունակ են դրանք որակյալ վերծանել: Ստացված տեղեկությունները բրիտանացի գործընկերները ուղարկել են Հաագա՝ դրանք կներառվեն նախնական հաշվետվությունում», - հավելել է վան դեր Վեգենը: