Աշխարհի առաջնության հինգերորդ օրը F խմբում կբացեն Նոր Զելանդիայի եւ Սլովակիայի հավաքականները: Նոր Զելանդիայի չեմպիոն դառնալու խաղադրույքներն ընդունվում են մեկը երկու հազարից հավանականությամբ: Մրցաշարի ամենաթույլ թիմը ՀԱՀ-ում հայտնվեց բացառապես այն բանի շնորհիվ, որ Օվկիանայի գոտու առաջատար Ավստրալիան սկսեց հանդես գալ Ասիայի թիմերի հետ: Նոր Զելանդիայի ճանապարհն արդեն բաց է: Ֆիջին, Վանուատուն, Կիրիբատին եւ այս կարգի մյուս թիմերն անգամ կարգին ստադիոն չունեն: Նորզելանդացիները երկրորդ անգամ են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում: 1982-ին թիմը պարտվեց Բրազիլիայի` 0:4, ԽՍՀՄ-ին` 0:3 եւ Շոտլանդիայի` 2:5:
Սլովակիան, որպես անկախ պետություն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը: Ռուսական «Սատուրնի» նախկին մարզիչ Վլադիմիր Վայսի թիմը գերազանց անցկացրեց ընտրական մրցաշարը` առաջ անցնելով Սլովենիայից, Չեխիայից եւ Լեհաստանից: Սլովակները նաեւ իրենց աստղն ունեն. «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Գամշիկը 22 տարեկանում արդեն հավաքականի ավագն է: Մյուս ֆուտբոլիստներն այնքան էլ հայտնի չեն աշխարհի, բացառությամբ «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի:
Բուքմեյքերների գործակիցները Նոր Զելանդիա – Սլովակիա խաղի համար.
Նոր Զելանդիայի հաղթանակ` 6.00 – 8.00, ոչ-ոքի`3.70 – 4.20, Սլովակիայի հաղթանակ` 1.45 – 1.55:



























