Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով դատաքննությունն անցել է մեծ խախտումներով. Սյունիքի մարզի ընդհանուր իրացասության դատարանը մինչեւ վերջ էլ քննել է միայն մեկ վարկած՝ ինքնասպանության, սակայն տուժողի հայրը՝ Սեյրան Սահակյանը, պնդում է, որ որդուն սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչոյանը նշեց, որ նույնիսկ դատաքննության ժամանակ են անհերքելի ապացույցներ ձեռք բերվել, որ կատարվածը սպանություն է:

«Դատարանում հաստատվեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել բռնությունների միջոցով, իսկ նախաքննական մարմինն էլ գործը քննել է միայն ինքնասպանության վարկածով, այլ վարկած երբեք քննության առարկա չի դարձրել, ավելին ինքնասպանության վարկածը նախաքննական մարմնի կողմից բազմաթիվ թերություններով եւ ապօրինություններով են ձեռք բերվել»,- ասաց նա:

Սյուզաննա Խչոյանի խոսքով՝ վկաների տված ցուցմունքներով հերքվեց վարկածը, թե իբր մահվանից առաջ Սարգիսն ու ծառայակից ընկերները սնիկերսի պատճառով վիճել են իրար հետ. «Բացի դրանից՝ ինքնաձիգը մեքենայից առգրավվել եւ փաթեթավորվել է թիվ 62 կնիքով, հաջորդ օրը փորձաքննության է ներկայացվել թիվ 60 կնիքով: Սա նշանակում է, որ ինքնաձիգը բացվել, փակվել է: Կարեւորագույն մի բան էլ՝ ինքնաձիգի վրա չի հայտնաբերվել ոչ Սարգիսի մատնահետքերը, ոչ էլ փողաբերանին Սարգիսի թքի եւ արյան հետքեր: Այսպիսի պայմաններում ինքնասպանության վարկածը գնահատում եմ ակնհայտ ապօրինի»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պնդեց նաեւ, որ շատ ապացույցներ էլ ոչնչացվել են նախաքննական մարմնի կողմից, ինչպես օրինակ՝ դիակի նախնական զննություն կատարած բժիշկը հայտնել է, որ Սարգիս Սահակյանի մարմնի տարբեր հատվածներում կան հետքեր, սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ այդ մասին որեւէ խոսք չկա:

«Բազմաթիվ քրեական գործեր հարուցելու միջնորդություններ ենք ներկայացրել դատարան, սակայն բոլորն էլ մերժվել են, ես դրանք՝ որպես հաղորդում, ներկայացրել եմ գլխավոր դատախազություն, որտեղից էլ անհասկանալի փաստաթուղթ են ուղարկում: Մենք պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան»,- ավելացրեց նա:

Թե ով է սպանել 19-ամյա զինծառայողին եւ ինչ դրդապատճառով, Սյուզաննա Խչոյանը դժվարանում է ասել. «Դատարանը դա պետք է պարզեր, բայց չարեց: Իսկ մենք էլ ոչ մի վարկած չունենք. Սարգիսը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել»:

Նշենք, որ օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ ազատազրկման դատապարտեց Արտաշես Խաչատրյանին՝ 5 տարի ժամկետով, իսկ Արթուր Միսակյանն էլ՝ 4 տարի 6 ամիս ժամկետով: Ըստ դատարանի կայացրած վճռի՝ Սարգիս Սահակյանին հասցրել են ինքնասպանության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012-ի նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել էր 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի դին՝ բերանի շրջանում մահացու վնասվածքով: