ԱՄՆ-ում դաժան հանցագործություն են բացահայտել, որն իրագործել են երկու տարի առաջ: 20-ամյա Պեդրո Բրավոն սպանել էր սենյակի իր հարեւան Քրիստիան Ագիլարին:
«Metro»-ի փոխանցմամբ, երիտասարդին ընկերոջ սպանության համար մեղադրում էին դեռ 2012թ. սեպտեմբերին, սակայն ամերիկացու մեղքի ապացույցը դատարանում հրապարակվել է միայն հիմա: Բրավոն ընկերոջ հետ վիճել է աղջկա պատճառով, իսկ հետո խեղդամահ արել: Մարդասպանը «Siri» ծրագրից հարցրել է, թե որտեղ կարող է թաքցնել մարմինը: Ֆլորիդայի բնակչի տարօրինակ հարցին ի պատասխան՝ ծրագիրը մի քանի վարկած է առաջարկել. ճահիճ, ջրամբար, ձուլարան: «Siri»-ի հետ Պեդրո Բրավոյի զրույցի գրառումը հայտնաբերել է ոստիկանությունը, երբ ուսումնասիրել է նրա հեռախոսի պարունակությունը:
Ընդ որում, երիտասարդը չի հետեւել ծրագրի խորհրդին, այլ պարզապես մարմինը թաղել է մոտակա անտառում: Քրիսթիան Ագիլարի մարմինը հայտնաբերել են խուզարկուները, ամերիկացու անհետացումից մի քանի շաբաթ անց:
Մարդասպանի iPhone-ն ուսումնասիրելուց հետո ոստիկանությունը եզրակացրել է, որ այդ երեկո, երբ Ագիլարն անհետացել է, Բրավոն կասկածելիորեն հաճախ է կիրառել հեռախոսի լուսարձակի գործառույթը: Ամենայն հավանականությամբ, երիտասարդն անտառում շրջել է՝ թաքցնելու համար հարմար վայր գտնելու նպատակով: iPhone-ի սիրահարի պատժաժամկետը չի նշվում:





























