Իտալիայում օգոստոսի 25-30-ը կայանալու է «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որտեղ մեր երկիրը ներկայացնելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո եւ Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավիղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) եւ ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա): 

Հրավիրյալ խմբերի եւ մենակատարների թվում հանդես կգան նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» համույթով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլք: 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել եւ տարածել է արեւմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաեւ տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ եւ երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը եւ հայտնի այլ դիրիժորներ: 

«Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնի մասնակցությունը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին հնարավորություն կընձեռի միջազգային երաժշտասեր հանրությանը լավագույնս ներկայացնել Հայաստանի մշակույթն ու հայ կատարողական արվեստը: