Հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, կառավարությունում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների:
Վարչապետն ընդգծել է, որ ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, իսկ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:
Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների եւ ֆինանսավորման գործիքների վերաբերյալ:
Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը եւ սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող եւ մի շարք այլ խնդիրներ:
Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսներն ու արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը գործարարներին առաջարկել է ըստ արտահանվող ապրանքատեսակի՝ ներկայացնել առկա խնդիրները եւ խոչընդոտները, որպեսզի պատկան մարմինները հնարավորություն ունենան ուսումնասիրել դրանք եւ, անհրաժեշտության դեպքում, լուծման ուղիներ գտնել:




























