Ղարաբաղյան հակամարտության գոտում հավասարակշռությունը պահպանում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը, եւ որեւէ խաղաղարար չպետք է ոտք դնի հակամարտության գոտի: Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտի միջազգային խաղաղարարների տեղակայման հնարավորությունն ու անհրաժեշտությունը, նշեց, որ ժամանակ առ ժամանակ միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից լինում են նմանատիպ հայտարարություններ, եւ, «ինչու չէ, շշուկներով տեղյակ են պահում հանրությանն, իբր խաղաղարար ուժերի մասին»: «Կասեմ հետեւյալը, մեզ մոտ ֆիքսված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն: Չկա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, եւ Ղարաբաղը մտել է պատերազմի մեջ՝ պարտադրված: Այսինքն, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որի բնակիչներն այն ժամանակ հանդիսանում էին իր քաղաքացիները: Հաջորդ պատերազմը սկսվել է 1989թ., երբ ԼՂԻՄ-ն ուներ հատուկ կարգավիճակ, եւ ենթարկվում էր ուղիղ Կրեմլին: 1991թ. անկախությունից հետո Ադրբեջանը շարունակեց լայնամասշտաբ պատերազմը ԼՂ-ի դեմ: Աjսինքն, Ադրբեջանը երեք անգամ պատերազմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը պատերազմում էր որպես պարտադրված կողմ»,- մանրամասնեց Բալասանյանը եւ նկատեց, որ միջազգային հանրությունն առ այսօր չի արձանագրել եւ չի տվել համապատասխան գնահատական պատերազմ նախաձեռնողին:

Խաղաղարարների տեղակայման անհրաժեշտությանն էլ անդրադառնալով՝ հրամանատարը հիշեցրեց, որ ԽՍՀՄ ժամանակ էլ խաղաղարար զորք էր տեղակայված, որն էլ իրականացրեց «Կոլցո» օպերացիան: «Խաղաղարար ուժերի առաքելությունը որեւիցե երկրում իրեն չի արդարացրել: Խաղաղարարների միջոցով գերտերությունները պարտադրում են իրենց ցանկությունը: 1994թ. հրադադարի ստորագրումից հետո, երբ խաղաղությունը պարտադրվեց ԼՂ պաշտպանական ուժերի կողմից, առ այսօր հավասարակշռությունը պահպանվում է դրա հետեւանքով: Որեւէ խաղաղարար չպետք է մուտք գործի: Եւ դա միայն իմ կարծիքը չէ, ժողովրդի մեծամասնության կարծիքն է»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան նաեւ հայտարարել էր, թե 5 շրջանն անմիջապես է վերադարձվելու Ադրբեջանին, եւս երկուսը՝ Քարվաճառն ու Լաչինը՝ հինգ տարի անց: Մեկնաբանելով համանախագահի խոսքերը՝ Վիտալի Բալասանյանն ասաց NEWS.am-ին. «Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի տարածքում չկա ազատագրված կամ գրավյալ տարածք: Կարող ենք ֆիքսել, մեզ պարտադրված պատերազմի արդյունքում մենք հետ ենք վերցրել պատմական Արցախի տարածքի միայն ու միայն մի մասը: ԼՂ իշխանությունները եւ ժողովուրդը չեն ընդունում մադրիդյան սկզբունքների որեւէ կետ: Այդ մասին բազմիցս ասել են թե մեր նախագահ Բակո Սահակյանը, թե արտգործնախարարությունը, քաղաքական, հասարակական կազմակերպությունները»:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին եւ պատերազմի վերսկսման հնարավորությանը, Վիտալի Բալասանյանը, որ պատերազմի տարիներին եղել է Ստեփանակերտ-Բաքու մայրուղու հատվածը պաշտպանող Ասկերանի գնդի հրամանատարը, ասաց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը, լինելով պարտված կողմ եւ այսօր ռազմատենչ հայտարարություններ անելով, պատերազմ կսկսի եւ ինչ-որ հաջողությունների կհասնի: Ոչ մի աշխարհի չեմպիոն ռինգ մտնելիս չի կարող ասել՝ կհաղթի՞, թե՞ ոչ: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի, թող պատերազմ հայտարարի, այն ժամանակ էլ կտեսնի…»: