Ռուսաստանի հարցում երրորդ երկրների վրա ճնշումներ գործադրելով՝ ԵՄ-ն կարող է վիժեցնել ԱՀԿ-ի հիմքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցն ասաց ՌԴ գլոբալացման եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը՝ մեկնաբանելով ԵՄ խորհրդի երեկվա հայտարարությունը Ուկրաինայի իրավիճակի քննարկման արդյունքում: Հիշեցնենք, Բրյուսելը երրորդ երկրներին կոչ էր արել զերծ մնալ Ռուսաստանում եվրոպական ներկրման փոխարինումից:

Կոլտաշովը հավելել է, որ մատակարարների փոխարինումը բնական գործընթաց է, այդ պատճառով էլ նման բնույթի հայտարարություններն անիմաստ են. մնացած աշխարհն այդպես է անելու, նույնիսկ եթե արեւմտյան երկրները  սպառնան պատժամիջոցներով: «Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառի արդեն Ռուսաստանի մատակարարների դեմ, եւ եթե այնտեղ լինեն, ասենք, Բրազիլիայի նման խոշոր խաղացողներ, դա հզոր հարված կհասցնի ԱՀԿ-ին՝ որպես առանց ճնշման առեւտուր ապահովող ինստիտուտի», - նշել է Կոլտաշովը:

Այժմ, հավելել է նա, հարցը դեռ թարմ է, քանի որ Ռուսաստանից մասամբ հեռացել, մասամբ էլ դուրս են մղվել մրգերի եվրոպական մատակարարները: «Իհարկե, այս իրավիճակում ԱՄՆ-ն կփորձի ուժեղացնել այդ երկրների վրա ճնշումը, սակայն չեմ կարծում, որ այժմ նրանք կհամարձակվեն այդքան պատժամիջոց կիրառել. Դա կնշանակի առեւտրային խոր պատերազմ եւ տնտեսությունների տարանջատում, որը կարող է դառնալ ԱՀԿ-ի կործանման պատճառ ավելի արագ, քան կարելի է ակնկալել», - նշել է Կոլտաշովը: