Հայաստանը պետք է կարողանա բացատրել եվրոպացիներին, որ երկրի տնտեսությունն այն վիճակում չէ, որպեսզի մասնակցի իրենց պատժամիջոցներին, եւ որ Հայաստանը պետք է շարունակի առեւտրա-տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրոպական միության հետ նույն մակարդակում, ինչպես որ նախկինում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵՄ Խորհրդի հայտարարությանն ուղղված երրորդ երկրներին եւ ԵՄ անդամակցության թեկնածու պետություններին հեռու մնալ միջոցառումներից, որոնք ուղղված են նոր առեւտրական հնարավորությունների կիրառման՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո:
Տնտեսագետի խոսքով՝ երբ Հայաստանը փորձում էր Եվրոպական միության «Արեւելյան գործընկերության» ասոցացված անդամ դառնալ, սակայն հետո կտրուկ փոխեց ուղղությունը դեպի Մաքսային միություն, այն ժամանակ պետք էր հասկանալ, թե ինչում են կայանում Հայաստանի շահերը, դրանք ներկայացնել հասարակությանը եւ հետո նոր միայն քայլեր ձեռնարկել: Իշխանությունը, ընդգծեց Վահագն Խաչատրյանը, այդպես էլ չա8եց դա. իշխանությունը պարզապես որոշում ընդունեց եւ ապագային ուղղված քայլեր չձեռնարկեց: «Այժմ մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ պետք է կամ ենթարկվենք ԵՄ կոչին, կամ ոչ: Ենթարկվել նշանակում է մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ չենթարկվելու դեպքում զրկվելու ենք Եվրոպայի օգնությունից: Իմ անձնական տեսակետի համաձայն՝ մենք պետք է զերծ մնանք ինչ-որ կտրուկ քայլից՝ հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, Հայաստանում առկա ռուսական կապիտալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները Ռուսաստանում գումար են վաստակում»,- եզրափակել է Վահագն Խաչատրյանը:
ԵՄ Խորհրդում արտգործնախարարների մակարդակում արտահերթ նիստի եզրափակիչ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Միջազգային հասարակության միասնությունն ապահովելու եւ միջազգային օրենքին հետեւելու համար Եվրամիությունը երրորդ երկրներից եւ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներից ակնկալում է, որ նրանք հեռու կմնան առեւտրական նոր հնարավորություններից, որոնք ծագել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո»:





























