ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում նոր բախումներ են տեղի ունենում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, որոնք բողոքում են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի պատանի Մայքլ Բրաունի սպանության դեմ:
Դեռահասին սպանել էին մեկ շաբաթ առաջ` Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում:
Ոստիկանները կրկին ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ խլացուցիչ նռնակներ կիրառել ամբոխը ցրելու համար: Մարդիկ բողոքում են չնայած հայտարարված պարեկային ժամին: Ֆերգյուսոնում ոստիկանության հերթապահ մեքենաներ են երթեւեկում:
Քաղաքում լսվում են կրակոցներ: Անցած գիշեր նոր լուրջ բախումներ էին տեղի ունեցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրաունի սպանության գործում սկսում են նոր մանրամասներ բացահայտվել: Դեռահասի հարազատների կողմից պատվիրված լրացուցիչ դիահերձումը ցույց է տվել, որ Բրաունի մարմնում եղել է վեց փամփուշտ, գրում է The New York Times թերթը: Թերթը մեջբերում է բժիշկ Մայքլ Բեյդենի եզրակացությունը , ըստ որի` ոստիկանները կրակել են Բրաունի գլխին երկու եւ աջ ձեռքին չորս անգամ:
Ըստ փորձագետի` փամփուշտներն արձակվել են շատ մոտ հեռավորությունից, քանի որ մարմնի վրա վառոդի հետքեր չեն եղել: Սակայն թերթը հավելում է, որ վառոդի հետքեր կարող են հայտնաբերվել սպանվածի հագուստների վրա:
Ոստիկանությունում պնդում են, որ Բրաունին կրակել են ոստիկանական մեքենայում` դիմադրության ժամանակ:





























