Ազգային ժողովի 6 խմբակցություններն առաջիկայում պատրաստվում են կառավարությանը ներկայացնել միասնական ծրագիր, որով որոշակի արտոնություններ կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշ կատարած այցին:
«Մեր նպատակն էր այցելել դիրքեր, տեսնել ինչ է կատարվում եւ նաեւ հանդիպումներ ունենալ համայնքներում: Իսկապես անհրաժեշտ այցելություն էր, որովհետեւ բավականին ոգեւորվածություն կա զինվորների մոտ: Մեր դիրքերը եւ լավ պաշտպանված են, եւ զինվորներն են քաջ գիտակցում իրենց պատասխանատվությունը եւ շատ վստահ են կանգնած իրենց դիրքերում»,- ասաց նա:
Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իսկապես ապրում են ծանր պայմաններում եւ որոշակի արտոնություններ պետք է ունենան, քանի որ նույն զինվորի դերն են կատարում. «Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի պետությունից: Հետեւաբար, բավականին շատ առաջարկություններ եղան, որոնք մենք առաջիկայում համագումարի կբերենք եւ կներկայացնենք կառավարությանը: Կարծում եմ՝ այս հարցում 6 ուժերն էլ միասնական կլինեն»:
Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը Գալուստ Սահակյանի եւ Սեյրան Օհանյանի հետ Տավուշի մարզ էր մեկնել օգոստոսի 16-ին: Այցի ժամանակ պատվիրակությունը եղել է առաջնային գծում, սահմանամերձ գյուղերում, ինչպես նաեւ մասնակցել մեղրի փառատոնին:




























