Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, նախագահական նստավայրի դիմաց նստացույց անող Խուդոյաններին նախագահականի մոտից բռնի ուժով հեռացնելու համար ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով Խուդոյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հեղինե Խուդոյանը:
«Նախագահական նստավայրի մոտից ոստիկանները մեզ բռնի ուժով առեւանգեցին, մեզ գողացան, մեր իրերը քանդում էին: Հետո մեզ պահեցին տնային կալանքի տակ: Մենք մինչեւ անգամ Վճռաբեկ դատարան դիմեցինք, պահանջեցինք, որ կասետները, որտեղ երևում են, թե մեզ ոնց են առեւանգում, բերեն նայեն, բայց չբերեցին: Ոստիկանությունն ասեց, թե սադրանք է, մեզ չեն գողացել: Հերիք չի` մարդ գնում է նախագահից օրենք է պահանջում, մի հատ էլ գողանում են ու ասում են` չենք տարել, սադրանք է: Դե հրամանը նախագահականից էր եղել, գործը փակեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հեղինե Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնում բնակվող Խուդոյանները պահանջում են բացահայտել այն «հանցագործներին», որոնք, իրենց խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են Աշոտ Խուդոյանի պապու կտակն ու կեղծել այն: Նրանց պնդմամբ գողացողը հենց Աշոտ Խուդոյանի քույրն է` Մարիետա Քալաշյանը, որը, կեղծելով կտակը, նրանց զրկել է պապենական տան սեփականաշնորհման իրավունքից: Խուդոյանները բողոք էին ներկայացրել ոստիկանության Արմավիրի բաժնում: Քննիչը, սակայն, որոշել էր կարճել բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը:
Հեղինե Խուդոյանը նշեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մոտ մեկ ամիս առաջ վերացրել էր քննիչի այս որոշումը: Դրանից հետո դատախազ Կորյուն Ներսիսյանը դիմել էր Վերաքննիչ դատարան, որն անվավեր էր ճանաչել առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Առաջին ատյանի դատարանը որոշեց, որ այո, Աշոտի իրավունքների խախտում է եղել եւ հետ ուղարկեց գործը քննության: Դրանից հետո Կորյուն Ներսիսյանը բողոքարկում է Վերքաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ի օգուտ Կորյուն Ներսիսյանի: Դատի օրը դատավորի սենյակից մեկը դուրս եկավ, մոտեցավ Կորյունին ջերմ բարեւեց, հարցրեց` ոնց է: Դե արդեն պարզ է, որ թե ինչու էր դատարանի որոշումը էդպիսին»,-ասաց Հեղինե Խուդոյանը:
Խուդոյաններն այժմ սպասում են Վերաքննիչ դատարանի որոշման գրավոր տարբերակին, ինչից հետո կդիմեն Վճռաբեկ դատարան: Հեղինե Խուդոյանի խոսքով` իրենք սպասելիքներ չունեն, թե Վճռաբեկ դատարանն իրենց օգտին որոշում կկայացնի, նրանք արդեն որոշել են այս հայցով նույնպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Հիմա բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան, դա էլ մերժեց` հո չենք թողնի` տունը կեղծիքով տանեն ձեռքներիցս»,-ասաց Հեղինե Խուդոյանը:





























