«ԴԵՄ ԵՄ» պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր՝ օգոստոսի 19-ին, նախաձեռնել են Ֆեյսբուքյան ֆլեշմոբ, որով քաղաքացիներին տեղեկացնում են, որ սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու մասին դիմում գրելը նույնպես օրենքի խախտում է։ Նախաձեռնության անդամները իրենց անուն ազգանունով հետեւյալն բովանդակությամբ տեքստն են տեղադրել «Ընդդեմ կենսաթոշակային 5 % վճարին» ֆեյսբուքյան խմբում՝ «Ես ... ....  եմ, ՀՀ քաղաքացի, աշխատում եմ եւ վճարում եմ հարկեր իմ երկրի համար,այդ թվում նաեւ սոցիալական վճարներ: Չեմ պատրաստվում ոչ մի կոպեկ իմ աշխատավարձից փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանի համար, ոչ հիմա, եւ ոչ էլ առավել եւս 2017 թվականի հունիսից հետո»:

«Նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, որ դիմում գրելով նույնպես օրենք են խախտում: Իշխանությունները իրավունք չունեն նման քայլով օրենք անցկացնեն: Այս ձեւով փորձում ենք մարդկանց ասել, որ չարժե անօրինական թղթի տակ ստորագրել, թեկուզ, եթե այն ազատում է վճարներից մինչեւ 2017թ.: Բացի դա խտրականություն է դրվում պետական եւ ոչ պետական աշխատողների միջեւ։ Այս քայլով փորձում ենք իշխանություններին բացատրել, որ իրենց մշակած դիմումի եղանակը հակաօրինական է, որով մեզ ստիպում են պարտավորություն ստանձնել, որ 2017 թվականից պետք է վճարումներ կատարենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության  անդամ Հարութ Աղլամազյանը։

Լեւոն Զաքարյանն էլ նշեց՝ հանրության 80 % -ը դեմ է այս օրենքին, որը միայն թալանի նպատակ ունի:

«Նաեւ ֆլեշմոբի նպատակն է մարդկանց մեջ ոգեւորություն մցնել, եւ հասկացնել, որ վճռողը ՀՀ քաղաքացին է, եւ իր կամքն է առաջնայինը, ոչ թե ինչ-որ հիմար էլետրոնային դիմումների եղանակներ կամ ձեւեր։ Իսկ ինչպես իրենք էին ցինիկաբար նշում, որ այս օրենքը բավարարել է հասարակության բոլոր շերտերի ցանկությունները, սուտ է»,-ասաց Լեւոն Զաքարյանը։

Նախաձեռնության անդամը նշեց, որ «ԴԵՄ ԵՄ»-ը միշտ ակտիվ է պահելու այս հարցը, ինչպես նաեւ փորձելու է ավելի շատ ակտիվ քաղաքացիներ ներգրավել իր շարքերը։

«Բողոքի ակցիաներ ու հանրային հանդիպումներ միշտ էլ կլինեն, քանի դեռ կան նման խայտառակ օրենքներ ու Սահմանադրությունը ու մարդու կամքը արհամարող չինովնիկներ»,- հավելեց Լեւոն Զաքարյանը։

Հարութ Աղլամազյանը ավելացրեց, որ սոցիալական պարտադիր վճարից ազատվելու դիմում գրելով հարցը չի լուծվի. «Եթե առաջ մենք կոչ անեինք դիմում չգրել, շատերը մեզ չէին հասկանա, իսկ հիմա կարծում եմ, որ մարդիկ կհասկանան, որ դիմում գրելով եւ վճարներից ժամանակավոր ազատվելով խնդիրը չի լուծվի, պետք է սկզբունքայնություն ցուցաբերել եւ հասանանալ, որ անօրինականությունների դեմ կարելի է պայքարել, նույնիսկ եթե այդ օրենքը ուղղակի կերպով քեզ չի վերաբերվում»։

Հիշեցնենք՝ նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին հաշվետվության նոր ձեւը առկա կլինի պաշտոնական կայքէջում, սակայն մինչեւ այժմ կայքէջում տեղադրված չէ։

Նշենք, որ դիմումները հանձնելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։