«Հայերը սարսափ ու բարկություն են ապրում, երբ տեսնում են եզդիների ու քրդերի դեմ կիրառվող բռնությունները»,- հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Այս մասին գրում է Ժան Էքյանը՝ «Nouvelles d'Armenie»-ում հրապարակված հոդվածում:

Թորանյանը ելույթ է ունեցել շաբաթ՝ օգոստոսի 16-ին, Փարիզում կայացած ցույցի ժամանակ, որը կազմակերպել էր Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիան՝ մի շարք քրդական ու եզդիական կազմակերպությունների մասնակցությամբ: Ցուցարարները «Մենք բոլորս եզդի ենք», «Տագնապ՝ ցեղասպանություն է», «Ազատ արձակեք Օջալանին» կարգախոսներ են հնչեցրել:

Բերիվան Աքյոլը, ով Քրդական աշխատավոր կուսակցության՝ 2013 թվականի հունվարի 9-ին սպանված երեք ակտիվիստների մտերիմներից է, կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցող պետությունների դեմ: Աքյոլը նաեւ հավելել է, որ Արեւմուտքը՝ ներառյալ ԱՄՆ-ը, պետք է հնարավորինս արագ արձագանքի:

Նա հույս է հայտնել, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն ակտիվ պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, դուրս կբերվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, իսկ նրա առաջնորդ Աբդուլա Օջալանն ազատ կարձակվի: «Կազմակերպությունը, որը իսլամական ներխուժման դեմ պայքարի միջնաբերդն է, լեգիտիմություն է ձեռք բերում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող ժխտել ցանկացած ազգի ու կրոնի պատկանող անձնանց տեղահանության անթույլատրելիությունը՝ լինի քրիստոնյա, թե մահմեդական, հայ, քուրդ, եզդի կամ ասորի, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում են իրենց հողում:

Իր հերթին Թորանյանը նշել է, որ քուրդ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք ապրել են իրենց տարածքում, այդ թվում՝ այլ կրոնի ներկայացուցիչներին: Նա կոչ է արել հիշել ասորիների, հայերի, պոնտոսցի հույների, եզդիների, ալեւիների ու քրդերի ճակատագրի մասին, որոնց հետապնդում են տարբեր երկրներում: Եզրափակելով՝ Թորանյանը կոչ է արել հայ համայնքին պաշտպանել Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիայի կոչը՝ «հանուն ընդհանուր արժեքների, որոնք պետք է գերակայեն կաստայական նախապաշարմունքների նկատմամբ»: «Այո, մենք պաշտպանում ենք ձեզ ձեր պայքարում: Քանի որ դուք՝ մենք ենք, եւ քանի որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանի համար, որի հետ այդքան սերտ կապված ենք»,- հայտարարել է Թորանյանը: