Կառավարությունը ծրագիր է նախապատրաստում, որով սահմանամերձ համայնքների բնակիչներին կապահովի աշխատանքով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Մենք գյուղական համայնքներին մեծ ուշադրություն ենք դարձնում, նախատեսում ենք սահմանապահ գյուղերի բնակիչներին այլ աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել։ Մեզ համար ամոթ է, որ մենք 35.000 տոննա հավի միս ենք օգտագործում, որից ընդամենը 8.000 տոննան ենք մենք արտադրում։ Հիմա մենք պայմանավորվածություն ունենք, ընկերություն կա, որը ցանկանում է ներդրում կատարել Տավուշի մարզում, ինչպես ինքն է ասում է՝ ես ճուտը, կերը, տրամադրեմ, 20 օր թող գյուղացին պահի, 20 օրից յուրաքանչյուր ճուտը 120-150 դրամով տա ընկերությանը»,- տեղեկացրեց վարչապետը։
Նա նշեց, որ սահմանամերձ համայնքներից յուրաքանչյուրում 3-4 հազար ճուտ են ցանկանում պահել։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը։





























