Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել գյուղացիական վարկերի 6 տոկոսը՝ նախկին 4 տոկոսի փոխարեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք 14 տոկոսով վարկ ենք տրամադրում գյուղատնտեսության ոլորտին, որից 4-ը, նախարարի հանձնարարականով, սուբսիդավորում է պետությունը: Հիմա կառավարությունը ցանկանում է 6 տոկոսը սուբսիդավորել, արդյունքում գյուղացուն վարկը 8 տոկոսով կտրամադրվի»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ գյուղատնտեսության զարգացման համար ավելի երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկերեն անհրաժեշտ:

«Չի կարելի գյուղատնտեսությանը 2-3 տարվա վարկ տրամադրել, դա պետք է երկարաժամկետ լինի։ Մեր հարեւան Թուրքիան գյուղատնտեսությունը 50 տոկոսով է սուբսիդավորում, մենք էլ պիտի հասնենք դրան»,- հավելեց վարչապետը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար կառավարությունը ծրագրում է նաեւ գյուղացուն էժան տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն ընձեռել: