Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ շուտով բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու։ Այս մասին վարչապետը հայտարարեց՝ «Բազե-2014»-ի բացման ժամանակ պատասխանելով բազեականների հարցերին։

«Գալու է ժամանակ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու։ Մենք դրել ենք դրա սկիզբը, բայց դուք բոլորդ պետք է հասկանաք եւ ընդունեք մի իրականություն, որ դրա համար ժամանակ է պետք։ Դուք մտածում եք, որ երբ ասեմ՝ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, ու բոլոր գալու են հարկային դա՞շտ։ Ո՛չ, դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար»,- ասաց վարչապետը։

Ըստ կառավարության ղեկավարի՝ արդեն մեծ քայլ է, որ մարդիկ տեսնում են, որ իրեն մոտ կանգնած մարդիկ ստվերում չեն աշխատում: «Հիմա պատկերացրեք, մեր մոտիկներից մեկը գնա ստվերում աշխատի, էն մեկն էլ կասի՝ էս կառավարությունը դատարկ խոսում է»,- հավելեց վարչապետը։