Հայաստանում երիտասարդների ակտիվությունը խթանելու համար նախեւառաջ անհրաժեշտ է արդար մրցակցություն սահմանել։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «Բազե-2014»-ի բացման ժամանակ պատասխանելով բազեականների հարցերին:
«Մրցույթներին երիտասարդների մասնակցությունը պետք է լինի օբյեկտիվ, արդար, ոչ թե ես զանգեմ՝ ասեմ, Մանվել Բադալյան, այս երիտասարդին կանցկացնես։ Դա վատ բան է, եթե մեզ հարգում ենք, չպիտի անենք, էդ ժամանակներն անցել են»,- ասաց նա։
Հարցին, թե կառավարությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու՝ երիտասարդներին ակտիվացնելու համար, վարչապետը պատասխանեց. «Օրինակ՝ շատերը, նաեւ իմ մտերիմները, ինձ մեղադրում են, թե ինչու եմ համաձայնել վարչապետ նշանակվել: Եթե նախարար պարոն Աշոտյանը վարչապետ նշանակվեր, նրա համար մեկ քայլ առաջ կլիներ, նորմալ է, որ Աշոտյանը կարող էր գայթակղվել, բայց երբ ԱԺ նախագահն է համաձայնում վարչապետ նշանակվել, դա մեկ քայլ ներքեւ է՝ ըստ Սահմանադրության: Բայց ես չեմ գայթակղվել, ես գիտակցված ընտրություն եմ կատարել եւ այդ ընթացքում նաեւ հաշվի եմ առել մեր պետության շահը՝ մտածելով, որ ես պիտի արձակուրդ չգնամ, շատ աշխատեմ։ Անկեղծորեն, չեմ գայթակղվել այդ պաշտոնով, այլ ռիսկային քայլ եմ արել»:



























