Քարվաճառում այսօր՝ օգոստոսի 20-ին, մեկնարկում է «Արցախի Երիտֆորում 2014» ամենամյա միջոցառումը։ Մասնակցելու են 18-35 տարեկան երիտասարդներ Արցախից ու Հայաստանից:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, միջոցառման նպատակն է՝ նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ համայնքների զարգացման գործում երիտասարդների գործուն մասնակցությանը, միջհամայնքային եւ ներհամայնքային համագործակցության ակտիվացմանն ու զարգացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը։
Եռօրյա ծրագրի շրջանակում կկազմակերպվեն դասընթացներ ռազմահայրենասիրական դաստիարակության, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, սննդամթերքի անվտանգության, Արցախում փոքր եւ միջին բիզնեսի աջակցության մեխանիզմների, բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաեւ հասարակական երիտասարդական կազմակերպությունների կարողությունների հզորացման, կամավորական ծառայության վերաբերյալ:
Նախատեսվում են նաեւ տարաբնույթ ծրագրերի շնորհանդեսներ, քննարկումներ, համերգներ, ազգագրական պարերի դասեր։





























