Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունից ռուսական հոտ է գալիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ես դեմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելուն: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Հայաստանում երիտասարդները օտար լեզուներ սովորեն, այդ թվում՝ անգլերեն, սակայն դրա լուծումը օտարալեզու դպրոցները չեն»,- նշեց փորձագետն ու հավելեց. «Շատ կարեւոր է, որ մեր ունեցած դպրոցները ճիշտ հիմքերի վրա դրվեն: Պետք է փորձել բարելավել  օտար լեզվի վիճակը, քան ռեսուրսներն օգտագործել նոր՝ օտարալեզու դպրոցներ բացելու համար»:

Հարցին, թե իր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այդ նախաձեռնությունը, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած չգիտեմ, բայց մի կասկած ունեմ, որ փորձ է արվում  հին խորհրդային ժամանակների համակարգը վերականգնել, երբ պարտադրվում էր ռուսերենը: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է վերադառնա անցյալին: Մենք պետք է ավելի զորավոր ապագա ստեղծենք»:

Նկատենք, որ Ռ. Կիրակոսյանն ինքը շատ վատ է խոսում հայերեն, ինչը իր խոստովանությամբ, շատ է խանգարում իրեն: