Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը հերթականներից մեկն է, եւ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում որեւէ առաջընթաց ակնկալել պետք չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի հանդիպումներ կազմակերպելու առանձնակի ձգտում չի ցուցաբերում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մշտապես սպառնում է դուրս գալ բանակցություններից, Մոսկվան որոշել է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ, օգտվելով առիթից, (Սանկտ-Պետերբուրգում կայանալու է միջազգային տնտեսական համաժողովը-խմբ.) հանդիպեցնել կողմերին»,- հայտարարել է փորձագետը: Նա նշել է նաեւ, թե Մոսկվան եւ Անկարան մրցակցում են Ղարաբաղի հարցում իրենց դիրքերն ամրապնդելու համար: