Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները չեն հասկանում, թե ինչու է 4 երեխաների մայր, 34-ամյա Հայկուհին ինքնասպանություն գործել: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանն ընդգծեց, որ Հայկուհին առողջական եւ ընտանեկան ոչ մի խնդիր չի ունեցել, շատ համերաշխ ընտանիք էին:
«Բոլորիս էլ զարմացրել է Հայկուհու քայլը, շատ հետաքրքիր ու սիրով ընտանիք էին, ոչ մի խնդիր չեն ունեցել: Նորմալ էին ապրում, ամուսինը նախկինում արտագնա աշխատանքի էր մեկնում, արդեն 1 տարի չէր էլ գնում: Իսկ Հայկուհուն ամբողջ գյուղն էր ճանաչում, շատ ակտիվ էր, բոլորի հետ շփվում էր»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Հայկուհին 3 աղջիկ եւ 1 տղա ուներ, կրտսեր դուստրն այս տարի առաջին դասարան է հաճախելու. «Փոքր աղջկան բարձրացրել է 2-րդ հարկ քնեցնելու եւ երկար ժամանակ չի իջել, ամուսինը տղային ուղարկել է մոր հետեւից ու պարզվել է, որ մայրը կախվել է: 14 տարեկան տղան է տեսել մորն էդ վիճակում, գոռացել է, մինչեւ հայրը հասել է, արդեն ուշ է եղել»:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում: Ըստ Shamshyan.com-ի՝ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























