ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անհանգստացած է ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Իլգար Նասիբովին Նախիջեւանում դաժան ծեծի ենթարկելու փաստից:

«Ես իշխանություններին կոչ եմ անում  Նասիբովի վրա այս սարսափելի հարձակման ամբողջական եւ անկախ քննություն անցկացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս հանցագործությունը բացասական ազդեցություն ունի խոսքի եւ մամուլի ազատության վրա եւ կարող է լրագրողների դեմ նոր հանցագործություններ հրահրել», - հայտարարել է նա:

Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել անկախ մամուլի,  մեդիա-ակտիվիստների եւ ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները: «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անել հնարավոր ամեն ինչ՝ սրան վերջ դնելու համար», - ընդգծել է նա:

Իլգար Նասիբովը դաժան ծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ին Նախիջեւանում: Անհայտ անձինք նաեւ ավերել էին նրա գրասենյակը: