Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պետական տեսչության կողմից թիվ 79 միջն. դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Արամ Սարգսյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնական կրթության վկայականների բախշման մատյաններում, ավարտական քննական արձանագրություններում եւ 9-րդ դասարանների դասամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ մտցնելով, առանց կրթություն ստանալու եւ ավարտական քննություններ հանձնելու, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել եւ հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Նշված փաստի կապակցությամբ հունիսի 14-ին Շենգավիթ համայնքի դատախազությունում Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի եւ 314 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:


























