Հայաստանի փոքր թռչնաֆաբրիկաները պետք է լուծեն հասանելի սպանդանոցների խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով, սպանդանոցների հոսքագծերը փոքր ֆաբրիկաների թույլ օղակն են. դրա համար ծախսվում է ներդրումների զգալի մասը:
«Համապատասխան սարքավորումները, որոնցով թռչունը մշակվում է գլխիվայր, շատ կարեւոր է պահանջվող սանիտարական պայմանների համար: Սպանդը ձեռքով կատարելու դեպքում նման պայմաններ ապահովել հնարավոր չէ»,- պարզաբանեց Ստեփանյանը:
Խնդրի լուծման հնարավոր տարբերակ է հանրապետության մարզերում բացվող սպանդանոցներին կից թռչունների սպանդանոցի կառուցումը: Թռչնաբույծներն արդեն նման առաջարկ ներկայացրել են Գյուղատնտեսության նախարարին:
Եվս մեկ տարբերակ էլ, ըստ Ստեփանյանի, խոշոր թռչնաֆաբրիկաներում արդեն գործող սպանդանոցներում պայմանագրային հիմունքներով սպանդ կազմակերպելն է:




























