Անապատացման վտանգն, առհասարակ, առկա է ողջ Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը, գտնվելով չորային գոտում, այս առումով մեծ վտանգի է ենթարկվում: Այս մասին հունիսի 17-ին՝ Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդեւանյանը՝ տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիան ընդունվել է 1994 թվականին, որի մշակման գործընթացին մասնակցել է նաեւ Հայաստանը:

Նրա խոսքով, Հայաստանը, բացի անապատացման դեմ կոնվենցիայի ստորագրումը, դեռ 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի կազմակերպած գագաթնաժողովում ստորագրել է նաեւ կլիմայական փոփոխության եւ կենսաբազմազանության ապահովման մասին երկու կոնվենցիաները։

NEWS.am-ի հարցին, թե որո՞նք են անապատացմանը նպաստող հիմնական գործոնները, Աշոտ Վարդեւանյանը որպես այդպիսիք առանձնացրեց ապօրինի անտառահատումները, անասունների գերարածեցումը եւ գյուղատնտեսության ոչ ճիշտ կազմակերպումը։

«Բոլոր այս գործոնների հետեւանքով վերջին 40 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերը եւ կանաչ տարածքները կրճատվել են 1/3-ով։  Հայաստանում եւս անտառածածկ գոտիները նվազել են եւ ներկայումս կազմում են ընդհանուր տարածքի ընդամենը 10 տոկոսը»,- տեղեկացրեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը՝ նկատելով, որ ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիայի արդյունավետությունն ամբողջ աշխարհում այսօր այնքան էլ նկատելի չէ։

Ամփոփելով՝ Աշոտ Վարդեւանյանը հիշեցրեց որ վերոնշյալ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1997 թվականին, իսկ արդեն 2000 թ.-ից ՀՀ կառավարությունը մշակել է անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը։ «Այդ ծրագրի շրջանակներում մինչ այժմ մեր երկրում իրականացվել է 2 պիլոտային ծրագիր, որոնց համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 70 հազար դոլար»,- եզրափակեց նա։