Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը Լուրերի ռուսական ծառայության հեռարձակման ընթացքում, մեկնաբանել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հայտարարությունը, որում նա Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիք է արտահայտում, դա, չգիտես ինչու, «խաղաղություն պարտադրել» անվանելով։ "Ամենից առաջ, ցանկանում եմ ընդգծել Բյուլ-Բյուլ օղլու արտահայտության անհեթեթությունը։ Իր երկրին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա գործադրելու կոչով դիմելով՝ նա, չգիտես ինչու, խոսում է Հայաստանին խաղաղություն պարտադրելու մասին։ Հասկանում եմ, որ հիմա այդ ձեւակերպումը նորաձեւ է, բայց պարզապես ծիծաղելի է լսել այն խաղաղության պայմաններում պատերազմ սկսելու կոչ անող մարդուց։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե Ադրբեջանը հարձակում սկսի, ապա խաղաղություն պարտադրել պետք է հենց այդ երկրին։
Նաեւ ուզում եմ նշել, որ տարօրինակ է լսել այդպիսի ռազմաշունչ հայտարարություններ այն մարդու շուրթերից, որը ընդամենը մի քանի օր առաջ էր, որ գտնվում էր Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ այսպես կոչված խաղաղության առաքելությամբ այցելած ռուսական, ադրբեջանական եւ հայկական մշակույթի գործիչների մեծ պատվիրակության կազմում։ Երեւի թե, հենց այդ պատճառով է, որ այդպիսի ժողովրդական դիվանագիտությունը շոշափելի արդյունքներ չի տալիս, որովհետեւ այն իրականացնում են մարդիկ, որոնք Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու պես քարը փեշից չեն թափում։
Եվ վերջին դիտողությունը այս հարցի շուրջ։ Ցավոք, պարոն դեսպանը միայնակ չէ՝ նման ռազմաշունչ բովանդակությամբ հայտարարություններով։ Փաստորեն, նույնը ասում են նաեւ շատ այլ ադրբեջանական գործիչներ՝ իրենց նախագահի գլխավորությամբ։ Այս առնչությամբ պիտի նկատեմ, որ նմանատիպ ագրեսիվ հայտարարությունները հայ ժողովրդի հանդեպ ատելության հետ մեկտեղ, որը այս տարիների ընթացքում պաշտամունք է դարձել Ադրբեջանում, բացառում են վստահության մթնոլորտը, որի բացակայության դեպքում երկու երկրների ժողովուրդների միջեւ ոչ մի կառուցողական քայլ չի կարող լինել։ Իրականում նրանք գիտակցաբար խոչընդոտում են բանակցությունների խաղաղ գործընթացը։




























