Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 15-ին բավարարել է 58-ամյա Աշոտ Հարությունյանի գանգատն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին NEWS.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։ Աշոտ Հարությունյանը պատժի ժամկետը լրանալուց 1 տարի առաջ՝ 2009-ի հունվարին մահացել է կալանավայրում։ Նա 2003 թվականին 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ տնտեսական հանցագործության մեղադրանով։ ՄԻԵԴ-ի վճռով՝ խախտվել են Հարությունյանի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները, ինչի դիմաց Հայաստանի Հանրապետությունը երեք ամսվա ընթացքում 16 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարի Աշոտ Հարությունյանի դստերը:
Ներկայացնելով գանգատի էությունը՝ Ալումյանն ասաց. «Աշոտ Հարությունյանը հետապնդվում էր իր գործընկերոջ կողմից, ով գումարներ էր պահանջում` սպառնալով, թե չտալու դեպքում քրեական հետապնդման հարց կբարձրացնի։ Այս գործընկերը բավական լուրջ հովանավոր ուներ դատախազության համակարգում։ Բանը հասավ նրան, որ իմ վստահորդը չհամաձայնեց իր նախկին գործընկերոջ պահանջներին, ինչից հետո նրա նկատմամբ գործ հարուցվեց»:
Նշենք, որ ՄԻԵԴ-ի վճիռը վերաբերում է Հարությունյանի կալանավորմանը հաջորդած պրոցեսներին։ Երբ նրան կալանավորել են, նա լուրջ հիվանդություն է ունեցել, ինչի հետեւանով էլ հետագայում մահացել է կալանավայրում։ «Նա այն աստիճան հիվանդ էր, որ նրան Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ շտապ վիրահատության։ Բժշկական փաստաթղթերում նկարագրված է Հարությունյանի վիճակն ու նշված է, որ անհրաժեշտ է նրան շտապ վիրահատության ենթարկել։ Այդ փաստաթղթում կա նաեւ գրառում, որ հիվանդը տվեց իր համաձայնությունը»,- ասաց պաշտպանը:
Մինչդեռ հանգուցյալ կալանավորը վիրահատվելու փոխարեն կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ սովորական խուց։ Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ Հարությունյանը չի վիրահատվել՝ իր նախկին գործընկերոջ միջամտությամբ, «ով օգտագործելով իր հնարավորություններն ամեն ինչ արել է, որպեսզի իմ վստահորդին առանց վիրահատելու կրկին վերադարձնեն սովորական խուց, որպեսզի կրկին ճնշեն ու փող շորթեն»: Բացի այդ, Աշոտ Հարությունյանը տառապել է այնպիսի հիվանդություններով (դիաբետ, սրտանոթային եւ աղիքային հիվանդություններ), որոնք հատուկ սննդակարգ են նախատեսել, որը սահմանված է թե՛ բժշկական ցուցումով, թե՛ կառավարության սահմանած հատուկ կարգով։
Հարությունյանը, սակայն, չի օգտվել այդ հատուկ սննդակարգից։ Մյուս հանգամանքը, ինչի մասին նշված է գանգատում եւ որին համաձայնել է նաեւ ՄԻԵԴ-ը, այն է, որ դատական նիստերի ընթացքում Հարությունյանին պահել են ճաղավանդակում, ինչը նվաստացրել եւ վիրավորել է ամբաստանյալի արժանապատվությունը։
Նշենք, որ 2007-ին Աշոտ Հարությունյանը վաղաժամկետ ազատ է արձակվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վճռաբեկ բողոք է ներկայացել այդ որոշման դեմ, ինչից հետո Հարությունյանը կրկին կալանավորվել է: Այդ առթիվ եւս գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, որի քննությունը դեռեւս ընթացքում է։
Հայկ Ալումյանը NEWS.am-ին փոխանցեց նաեւ, որ այժմ ՄԻԵԴ-ում է նաեւ մեկ այլ՝ «Արթուր Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործը։ Արթուր Այվազյանը եւս կալանավոր է ու գտնվում է «Գորիսի» ՔԿՀ-ում։ Նրան պատժելու նպատակներով Երեւանից կալանավայր է գործուղվել ներքին զորքերի եւ ՔԿՀ ծառայության աշխատակիցներից բաղկացած 40 հոգանոց ջոկատ՝ հատուկ միջոցներով ու հրազենով զինված։ Նպատակը եղել է Արթուր Այվազյանին բոլոր կալանավորների աչքի առաջ ծեծի ենթարկելով՝ նրան ու «Գորիս» ՔԿՀ-ի մյուս կալանավորներին ահաբեկելը։
«Արթուր Այվազյանին կալանավայրի զբոսահրապարակում շրջափակել ու այն աստիճանի են ծեծի ենթարկել, որ կալանավորները սկսել են խցերից գոռալ, որպեսզի նրանց ուշադրությունը շեղեն իրենց վրա, որպեսզի Արթուրին չսպանեն։ Ջոկատն այնուհետ սկսել է գոռացող կալանավորներին ծեծել»,-նշեց Ալումյանը։ Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատներ Եվրադատարան ներկայացրել են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։


























