Թուրքիայի նորընտիր  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավականին անսպասելի պատասխան է ստացել նախընտրական շրջանում մի հարցազրույցի ժամանակ «Ինձ ասել են, թե վրացի եմ, կներեք, բայց ավելի վատ բան են ասել՝ պնդել են, թե հայ եմ» արած արտահայտության համար:

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությունից հետո կազմակերպած ընդունելության ժամանակ տիկնոջ հետ մոտեցել է քրդերի կողմից ստեղծված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միակ թուրք պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերին:  Էրդողանը մի քանի բառ է փոխանակել Օնդերի հետ, երբ Առաջին տիկինը հարցրել է պատգամավորին, թե նա որտեղից է:

Սըրրը Սուրեյա Օնդերը պատասխանել է. «Կներեք, թուրք եմ, բայց բուժվում եմ»: Անսպասելի պատասխանից ուշքի չեկած Էրդողանն ու տիկինը սկսել են ծիծաղել:

Սըրրը Սուրեյա Օնդերի պատասխանը մեծ արձագանք է գտել սոցկայքերում: Օգտատերերի մի մասը պնդել է, թե Էրդողանը չպետք է ծիծաղեր այդ կատակի վրա, քանի որ դրանով ասվում է, որ թուրք լինելը հիվանդություն է եւ բուժման կարիք կա դրա դեմ: