Ղարաբաղյան կարգավորման նախորդ փուլում բանակցությունների հիմքում ընկած էին մադրիդյան սկզբունքները՝ հակամարտության կարգավորման միակ պաշտոնական փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո: «Առ այսօր բանակցություններն ընթացել են այդ հիմքով, եղել են տարբեր աշխատանքային առաջարկներ»,- նկատել է նա:
Խոսելով նախագահների հանդիպման մասին՝ Նալբանդյանն ընդգծել է, թե հանդիպումը կառուցողական է եղել: «Յուրաքանչյուր նոր հանդիպում խթանում է բանակցությունները, իսկ վերջին հանդիպումները՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, առանձնահատուկ արդյունավետ էին եւ նպաստել են կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Այն հարցերում, որոնց վերաբերյալ համաձայնություն չի եղել, ճշտվել են մոտեցումները եւ դա հիմք կլինի բանակցությունների հետագա շարունակման համար»,- նկատել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, եւ նման հանդիպումներ կազմակերպելու Մոսկվայի նախաձեռնությանն աջակցում են մյուս երկու միջնորդները: Այսօրվա հանդիպման ընթացքում ձեռք է բերվել բանակցությունները հենց այդ հիմքով շարունակելու պայմանավորվածություն: Նախագահները հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել շփումները, նաեւ ակտիվորեն կապեր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ», ամփոփել է Նալբանդյանը:



























