Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «պարզաբանել է» Հայաստանի հատուկ ծառայությունների համագործակցության մեջ մեղադրվող իրավապաշտպանների մեղքը:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը հայտարարել է, որ «Քրեական գործերի վիճակագրության ուսումնասիրոթյունն ու հետաքննությունը ցույց են տվել, որ Ադրբեջանում գործող մի շարք ոչ պետական կազմակերպություններ, առանձին քաղաքացիներ, լրագրողներ եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտի այլ ներկայացուցիչներ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում՝ «ժողովրդական դիվանագիտության» առաքելության շրջանակներում, հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին երկրի ռազմական եւ պետական գաղտնիքներ են փոխանցել»:

«Քննության ընթացքում հաստատվել է, որ չգրանցված ՀԿ-ի ղեկավար Լեյլա Յունուսը եւ իր ամուսին Արիֆ Յունուսը Ադրբեջանի առանձին քաղաքացիներին ներգրավել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ եւ որոշակի հանձնարարություններ տվել ռազմական տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ, ինչը կարող էր օգտագործվել Ադրբեջանի դեմ: Այդ գործողությունների արդյունքում Լեյլա եւ Արիֆ Յունուսները կարողացել են հայկական հատուկ ծառայություններին փոխանցել տեղակայված զորամասերի եւ ռազմավարական այլ օբյեկտների գտնվելու վայրի սխեման, որ կազվել է «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի կողմից», - նշել է նա:

Այնուհետեւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության ներկայացուցիչը եւս մեկ «ծանրակշիռ» փաստարկ է առաջ քաշել՝ Ռաուֆ Միրքադիրովը 6 անգամ Հայաստանի է ուղեւորվել հայկական ավիաընկերության տոմսերով, ինչը «եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ այցելությունները կազմակերպվել են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից»: