«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպումը, կարծում եմ, կարելի է դասել հերթականների շարքին. ես, գոնե, այդ հանդիպումից էական ոչինչ չեմ ակնկալում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասին։
Նրա կարծիքով, հակամարտող կողմերի մասնակցությամբ ընթացող բանակցությունները եւ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ցանկալի եւ միանշանակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Խնդրի խաղաղ կարգավորումը ցանկալի է երկու կողմերի համար էլ. կարեւորը հարցի ռազմական լուծումը բացառելն է»,- համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդյունավետությանը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի ձեռքբերումներն առավել շոշափելի կլինեին, եթե մեր երկրի դիվանագիտությունը միտված լիներ ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ «Բացի այդ, պետք է պետական ծրագրով լուծել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը»,- ամփոփեց նա՝ համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ քայլերից հետո ամեն բան ավելի հարթ կընթանար։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 17-ին։



























