Սեպտեմբերի 3-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին։
Հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում դեսպանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ բարեմաղթությունները Իրաքի նախագահին եւ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ պատմության ընթացքում ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ, եւ Հայաստանի իշխանությունները ձգտում են զարգացնել եւ ամրապնդել դրանք բոլոր ասպարեզներում։
ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին եւ խստորեն դատապարտում են բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում ծանր իրավիճակում է հայտնվում քաղաքացիական բնակչությունը եւ բռնությունների են ենթարկվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունները։ Դեսպան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը ողջունում եւ պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։
Նախագահ Ֆուադ Մաասումը հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ: Նա նշեց, որ Հայաստանը եւ հայերը լավ ճանաչված են արաբական աշխարհում, այդ թվում եւ Իրաքում, ու արժանացել են տեղի բնակչության հարգանքին իրենց ազնվության եւ աշխատասիրության շնորհիվ՝ ավելացնելով, որ Իրաքը եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ կաջակցի այս ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր նախաձեռնությանը։
Հանդիպման վերջում նախագահ Մաասումը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։




























