Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը հանդես եկավ հաղթողի դերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նա ընդգծեց, որ շփման գծում տեղի ունեցած բախումների ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին էին: «Սոչիում կայացած հանդիպման ժամանակ բախումներն ամենաբարձր մակարդակով կարեւոր արձագանք ստացան»,- նշեց Միհրանյանը՝ հավելելով, որ Ղարաբաղում բախումները ոչ ոքի պետք չեն:

«Դրանք պետք չեն Եվրոպային, քանի որ այդ տարածքով նավթատար է անցնում: Դրանք պետք չեն ԱՄՆ-ին, քանի որ այնտեղ գոյություն ունեն շատ բարդ հարաբերություններ, եւ նրանք չէին ցանկանա Սիրիային, Իրաքին, Իրանին ավելացնել նաեւ Կովկասը: Բախումները պետք չեն նաեւ Մոսկվային, քանի որ Ռուսաստանը, ի վերջո, Հայաստանի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Արցախում իրավիճակի հերթական սրացումը: