Մադրիդն անվավեր կճանաչի Կատալոնիայում անցկացվող հանրաքվեի արդյունքները:
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան անցյալ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «կատալոնական հանրաքվերի արդյունքները՝ կապված ինքնավարության անկախության հետ, երկրի Սահմանադրական դատարանի կողմից ավտոմատ անվավեր են ճանաչվելու»:
Պիրենեյան թագավորության առաջին փոխվարչապետը հերթական անգամ ընդգծել է, որ «համաժողովրդական խորհրդատվությունը, որը պատրաստվում է անցկացնել պարոն Մասը(Կատալոնիայի վարչապետ Արթուր՝ խմբ.), լեգիտիմ չէ եւ նա այդ մասին տեղյակ է, քանի որ պետք է տեղյակ լինի Իսպանիայի Սահմանադրության նորմերին եւ հոդվածներին», հաղորդում է «Espanarusa»-ն:
«Ժողովրդավարությունն առաջին հերթին օրենքներին հետեւելն է,- նշել է Սորայա Սաենսը:- Օրենքը շրջանցող ցանկացած գործողություն նույնիսկ քննարկման ենթակա չէ, առավել եւս՝ իրավաբանորեն ճանաչվելուն:
Ինչպես նշվում է, որքան մոտենում է կատալոնական հանրաքվեն, որը տեղի կունենա 2014թ.-ի նոյեմբերի 9-ին, լրատվամիջոցների ուշադրությունն այս իրադարձության նկատմամբ ավելանում է:





























