Քաղաքական մեծամասնության համար անհասկանալի է ընդդիմադիր այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք ասում են, որ սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստին քննարկվել է սահմանադրական բարեփոխումների խնդիրը:

«Լավ, բա ե՞րբ է ժամանակը: Նախագահական ընտրություններից առաջ,  երբ նրանք գոռում էին, թե անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, ահրաժեշտ է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, ժամանակն էր, իսկ հիմա, երբ  նախագահական ընտրություններն ավարտվել են, ժամանակը չէ՞: Ծիծաղելի է: Նաեւ անհասկանալի է, թե ինչին են դեմ, եթե դեռ չկա հայեցակարգը»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ իրենք առաջին անգամ հնարավորություն են տալիս իրականացնել սահմանադրական բարեփոխումների բաց, հրապարակային քննարկումներ, մինչդեռ  մինչեւ հիմա այդ քննարկումներն ընթացել են պատրաստի հայեցակարգի շուրջ:

Շարմազանովի խոսքով՝ իր համար հասկանալի է միայն ՀՅԴ տեսակետը, որը բարեփոխումների հարցում հստակ դիրքորոշում է արտահայտել:

ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ արդեն հոկտեմբերին հայեցակարգը պատրաստ կլինի եւ քննարկումների կդրվի խորհրդարանական, ոչ խորհրդարանաական ուժերի, ինչպես նաեւ հասարակական շրջանակներում: