Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահատված հանգամանքներում Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 80 TA 707 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը (մոտ 5 մ):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ 26-ամյա Ռ. Ա.-ին եւ ուղեւոր 26-ամյա Ս. Ղ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























