Կարմիր գծերի, տեսախցիկների եւ արագաչափերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության մոտ երկու տասնյակ մեքենաներ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իրազեկման երթ անցկացրին Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ ճանապարհի ընթացքում ակցիայի մասնակիցները կանգ էին առնում մարդաշատ վայրերում, զրուցում քաղաքացիների հետ, հորդորում չվճարել այն տուգանքները, որոնք, նրանց կարծիքով, անհիմն են ստացել, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրենց փաստաբանների օգնությանը:
Մարզերում նախաձեռնության անդամների ընդունելությունը ցույց տվեց, որ այս խնդիրը մտահոգում է բոլորին: Մարզերի բնակիչներն իրենց հերթին բողոքեցին, որ այնքան շատ տուգանքներ են ստացել, որ արդեն կորցրել են հաշիվը, եւ պատրաստակամություն հայտնեցին միանալ պայքարին:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզային առաջին ավտոերթը համարում է հաջողված, քանի որ իրենք կարողացան համադրել հաճելին եւ օգտակարը. շրջեցին մարզերով, իսկ վերջում լողացին Սեւանում:





























