Ֆրանսիայում ուլտրաաջերը Կալե քաղաքում բողոքի աղմկոտ ակցիա են անցկացրել ընդդեմ ներգաղթյալների: Ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Միաժամանակ պատասխան ցույց են կազմակերպել ձախ ուղղվածության խմբավորումները: Ոստիկանությունը թույլ չի տվել ուլտրաաջերին բախումներ սկսել պատասխան ցույցի մասնակիցների հետ, որոնց թիվն ավելի փոքր է եղել:
Կալեում, որտեղից հազարավոր միգրանտներ հույս ունեն հասնել Մեծ Բրիտանիա, խորանում է լարված մթնոլորտը: Նախոր հինգշաբթի հարյուրավոր միգրանտներ փորձել են գրոհով հասնել դեպի Անգլիա ուղեւորվող նավ: Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշերը սպառնացել է փակել քաղաքը:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ ուլտրաաջերի «Ազգային ճակատ» կուսակցությանը մեկ քայլ է մնում իշխանության հասնելու համար: Նրա կարծիքով՝ դա «մահացու հարված կլիներ Եվրոպայի համար»:
Վերջին հարցումների համաձայն՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի վարկանիշը ավելի բարձր է եղել, քան գործող նախագահ Ֆրանսուա Օլանդինը:




























